Այսօր Հայաստանի ազգային գրադարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը ներկայացրեց 2015-ին իրականացրած գրահրատարակչության, գրադարանների գործունեության և միջազգային համագործակցութան ոլորտների ծրագրերը: Փոխնախարարը մասնավորապես նշեց, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում ապրիլի 22-23-ին կայացել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը. Հայաստանի ազգային գրադարանում առկա շուրջ 3000 թեմատիկ գրքերից ցուցադրվել է աշխարհի 37 երկրում 23 լեզվով հրատարակված ավելի քան 900 գիրք:
Արտերկրում Հայաստանն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցել գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին` Մինսկի, Փարիզի, Վարշավայի, Մայնի Ֆրանկֆուրտի և այլն:
«Միայն Հայաստանի ազգային գրադարանի տվյալներով՝ 2014-2015 թվականներին Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակվել է 360 գիրք, որից 119-ը՝ Հայաստանում (88 հայերեն, 31 օտար լեզուներով), այլ երկրներում նույն թեմայով հրատարակվել է 241 օտարալեզու գիրք: Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հրատարակվել է 272 օտարալեզու գիրք, որից շուրջ 160-ը թարգմանություններ են այլ լեզուներով»,- ասաց Ներսես Տեր-Վարդանյանը: